Հղումներ

Showing posts with label բլյուզ. Show all posts
Showing posts with label բլյուզ. Show all posts

4.10.12

Կիթառով ուրվականը



Ա՛յ քեզ տխուր բան. մի բան, որ երկար ժամանակ չես լսում, հաճախ շատ քիչ հիշողություն է թողնում այն մասին, թե էդ մի բանն ինչքան լավն է (չնայած, երևի միայն երաժշտության դեպքում չի էսպես):

Էսօրվա պոստը Ռոյ Բյուկենենի մասին է: Էսօր իրեն էլի էի լսում, ու "The Messiah Will Come Again"-ի կենդանի կատարման տեսահոլովակներից մեկը նայելիս հանկարծ հասկացա, որ եթե Բյուկենենին չճանաչեի ու փողոցում պատահաբար իրեն առանց կիթառի տեսնեի, ամենայն հավանականությամբ նկարչի տեղ կդնեի: Հասարակ, սովորական նկարչի: Կամ, ասենք, փականագործի, բայց դժվար թե երաժշտի:

Նկարիչներն, օրինակ, իրենց արտաքինը հանրությանը ներկայացնելու, բեմ ելնելու կարիք առանձնապես չեն ունենում. նրանց դեմքը նրանց նկարներն են: Ու նույնը Բյուկենենի դեպքում է. իզուր չի, որ ամենասկզբից էլ էն տպավորությունն էի ստացել, որ հենց ինքը սկսում է նվագել, կիթառի հետ ոչ թե մեկ է դառնում, այլ սկի իրենից բան էլ չի մնում, միայն կիթառ է ու վերջ: :') Ես, իհարկե, բեմական վառ արտաքինի ու իմիջի դեմ ոչինչ չունեմ, բայց միայն ու միայն երաժշտությանը էսպես մինչև վերջ նվիրված մարդկանց մեջ շատ հուզիչ մի բան կա: Մարդ ինչքա՞ն պետք է մի գործ, մի երևույթ սիրի, որ էդքան նոր բան արարի էդ գործի մեջ, երևույթի համար: Ամենամեծ գաղտնիքը, ամեն դեպքում, սիրո մեջ է: